Մոսկվայում Ռուսաստանի ՊՆ հովանու ներքո միջազգային անվտանգության երրորդ համաժողովն է ընթանում: Միջոցառման շրջանակում ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հանդիպում կունենա հայ գործընկերոջ` Սեյրան Օհանյանի հետ:

«Առաջին սեկցիայի մասնակիցները Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրադրության կայունացման ուղիների որոնմանը վերաբերող հարցեր կքննարկեն: Իսկ երկրորդ սեկցիայի փորձագետների ուշադրության կենտրոնում Աֆղանստանում տիրող իրադրությունը եւ տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցության հարցերը կլինեն: Համաժողովի շրջանակում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկկողմանի հանդիպումներ կունենա Իրանը, Պակիստանը, Ադրբեջանը, Սերբիան եւ Հայաստանը ներկայացնող իր գործընկերների հետ», - ասվում է ՌԴ ՊՆ մամուլի եւ տեղեկատվության ծառայության կողմից տարածված հաղորդագրության տեքստում:

Երկօրյա համաժողովին ավելի քան 40 երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ են մասնակցում: Միացյալ Նահանգները ներկայացնող փորձագետները հրաժարվել են մասնակցությունից: Ի թիվս այլ հարցերի, համաժողովի շրջանակում «գունավոր հեղափոխությունների» խնդրին առնչվող թեմաներ են քննարկվելու, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»: