Կարիք չկա ամեն օր ոչ իշխանական խորհրդարանական ուժերի տապալման մասին խոսել: Այս հայտարարությունը մայիսի 23-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է հնչեցրել:

Նրա խոսքով, եթե չորս կուսակցությունները չեն կարողանում ինչ-որ հարցի շուրջ համաձայյնության գալ, ապա դա չի նշանակում, որ պետք է համագործակցության գաղափարի վրա խաչ քաշել: «Բացարձակ միասնականություն պատկերացնելն անգամ չափազանց դժվար է: Եթե ի սկզբանե այդ ուղղությամբ սկսեինք աշխատել, ապա ոչնչի չէինք հասնի: Ուստի այլ սկզբունք մշակեցինք` եթե համաձայնության չենք գալիս որեւէ հարցի շուրջ, յուրաքանչյուր կողմ կարող է վարվել այնպես, ինչպես ինքն է կամենում: Այս պարզ սկզբունքը լավ արդյունքներ է տալիս: Այնպես որ երբ որեւէ մեկն ասում է. «Օ, հրաշք, քառյակ է ստեղծվել», իսկ հետո էլ դրա շուտափույթ լուծարումը կանխատեսում, ուրեմն այդ մարդը մեր համագործակցության տրամաբանությունը չի ընկալում: «Պարզապես լուծարվելու բան չկա, որ լուծարվի», - հայտարարել է Ռուստամյանը:

Ի պատասխան նույն հարցի, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ քառյակի կուսակցությունները երբեք միացյալ ճակատով հանդես գալու պարտավորություն չեն ստանձնել: «Մենք պարզապես կարեւոր հարցերի շուրջ միասնական դիրքորոշում ենք ձեւավորում: Մնացյալ դեպքերում յուրաքանչյուր ուժ իր հայեցողությամբ է գործում», - հայտարարել է նա: