Ռուսաստանն Ադրբեջանին 100 Т-90С տանկ է մատակարարել, հնարավոր է նաեւ նույն ծավալի եւս մեկ խմբաքանակ ուղարկվի Բաքու: Այս մասին «Կադեքս-2014» ցուցահանդեսում հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բիրյուլինի խոսքով՝ երկրորդ խմբաքանակի մատակարարման պայմանագիրն առայժմ չկա, բայց հնարավոր է առաջիկայում կնքվի:
Т-90С տանկերի առաջին խմբաքանակի վերաբերյալ պայմանագիրը կնքվել էր 2011թ., եւ մատակարարման ուշացումը ռուսական կողմի մեղքով չի եղել, Ադրբեջանն է ուշացրել վճարումները:
Т-90С տանկը սովորական պայմաններում կարող է մինչեւ 60 կմ/ժ արագություն զարգացնել: Երեք հոգանոց անձնակազմի պայմաններում այն բավական հուսալի սպառազինություն ունի՝ 125 մմ թնդանոթ, Կալաշնիկովի հաստոցային գնդացիր, զենիթային 12,7 մմ գնդացիր եւ ծխացող նռնակների արձակման համակարգ:





























