Իշխող ՀՀԿ-ն հույսը դրել էր հարբած պատգամավորների վրա, մայիսի 23-ին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն միայն այդպես կարողացավ անցկացնել իր նոր կառավարության ծրագիրը:
Երեկվա տեսագրություններում, ըստ նրա, երեւում է, թե ինչպես են երկու ՀՀԿ-ականներ գործընկերների փոխարեն քվեարկում: Զեղծարարներից մեկը Համլետ Հարությունյանն էր: «Եվս երկու ձայնը հարբած պատգամավորներին էր, որոնց պեղել եւ բերման էին ենթարկել խորհրդարան՝ անգիտակից կամ կիսագիտակից վիճակում», - ասել է Զուրաբյանը:
Երրորդը, հավելել է նա, ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանին վախեցնելն էր, որը ստիպված լքել էր կուսակցությունը: «Այսինքն իշխանությունը այնքան ծանր դրության մեջ է, որ ստիպված է ձայներ պոկել՝ որտեղից հնարավոր է», - ամփոփել է Լեւոն Զուրաբյանը:
Նշենք, խորհրդարանի մայիսի 22-ի նիստում կառավարության ծրագիրն ընդունվել էր 70 «կողմ», 1 «դեմ», 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ. Կողմ էին քվեարկել միայն ՀՀԿ-ական պատգամավորները:




























