«Զերկալո» թերթի ձերբակալված խմբագրի` Ռաուֆ Միրկադիրովի տարեց ծնողների բանակարանում խուզարկություն է իրականացվել:
«Թուրան» գործակալության հաղորդմամբ, խուզարկությունն առանց փաստաբանների ներկայության է իրականացվել: Փաստաբան Ֆուադ Աղաեւի խոսքով, Միրկադիրովը հիշյալ բնակարանում վաղուց չի ապրել: Նրա հայրն արդեն 84 տարեկան է. երկու ծնողներն էլ տարբեր հիվանդություններ ունեն:
Առավելագույնը 10 րոպե տեւած խուզարկությունը ընթերականների ներկայությամբ մեկ քննիչ եւ ոստիկանության օպերատիվ բաժնի երեք աշխատակիցներ են իրականացրել: Արդյունքում քննության համար կարեւորություն ներկայացնող ոչ մի իր չի հայտնաբերվել: Ինչ վերաբերում է լրագրողի գործով քննությանը, ապա փաստաբանի խոսքով, այն արդեն ավարտվել է:
Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որեւէ բացատրությունների, զրկել են հավատարմագրությունից եւ արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես, ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ է մեղադրվում: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:





























