ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հրաժարվել է մեկնաբանել  Հրանտ Բագրատյանի՝ կառավարության ծրագրի քվեարկությանը մասնակցելու որոշումը: Նա մայիսի 23-ին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է,  որ չի մեկնաբանում գործընկերների հետ տարաձայնությունները, եթե անգամ դրանք երբեմն շատ լուրջ են:

Զուրաբյանը նշել է, որ խմբակցությունը կատարել է  քառյակի որոշումը՝ չմասնակցելով ծրագրի քվեարկությանը: ՀԱԿ-ն ամբողջ կազմով չմասնակցեց, բացի Հրանտ Բագրատյանից: «Ինչու Բագրատյանն այդպես չվարվեց, պետք է ինքը պատասխանի: Բայց ես չեմ քննադատի», - ասել է Զուրաբյանը: Նա չպատասխանեց նաեւ այն հարցին, թե արդյոք Բագրատյանը խմբակցության դիրքորոշմանը դեմ է գնացել, քանի որ նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրան գովել էր կառուցողական քննադատության համար:

Ըստ Զուրաբյանի՝ հենց ընդդիմության կապակցված գործողությունների շնորհիվ խորհրդարանը նորից դարձավ քաղաքական լուրջ ֆորում: «Իհարկե, ես նկատի չունեմ, որ մենք  լավ խորհրդարան ունենք: Սակայն համակարգված գործունեությունը նոր պայմաններ է ստեղծել: Եթե նախկինում օրենքներն ընդունվում էին վայրկենապես՝ մեկ-երկու ձեւական ելույթներով, ապա այժմ յուրաքանչյուր օրինագծի համար երկարատեւ քննարկումներ են տեղի ունենում: Այդ պատճառով էլ մենք արտահերթ նստաշրջանների գիծ ենք մտել: Ոչինչ, մենք հետագայում էլ կաշխատենք: Միայն թե դա արդյունք տա», - նշել է Զուրաբյանը:

Նշենք, խորհրդարանի մայիսի 22-ի նիստում կառավարության ծրագիրն ընդունվել էր 70 «կողմ», 1 «դեմ», 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ. Կողմ էին քվեարկել միայն ՀՀԿ-ական պատգամավորները:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am