Հայաստանի կառավարությունը հօգուտ համայնքային բյուջեների նոր օրինագծեր է պատրաստում: Մայիսի 23-ին կազմակերպված խորհրդարանական ճեպազրույցներին նման հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ պատգամավոր, ԱԺ էկոնոմիկայի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը` ի պատասխան NEWS.am-ի թղթակցի` թանկարժեք ավտոմեքենաների նկատմամբ կիրառվող ակցիզային հարկը չեղյալ հայտարարելու մասին հարցի: Հիշյալ փոփոխությունը խորհրդարանում այսօր` մայիսի 23-ին է ընդունվել:

Միքայել Մելքումյանը, ով օրինագծի հեղինակներից մեկն էր, մեկնաբանել է, որ ակցիզային հարկի պատճառով թանկարժեք ավտոմեքենաների ներմուծման ծավալները Հայաստանում խիստ կրճատվել էին: Եթե մինչեւ 2012թ., երբ օրենքն ուժի մեջ էր մտել, երկիրը տարեկան 600-700 25 մլն դրամ եւ ավելի արժողությամբ մեքենաներ էր ներմուծում, ապա 2012 եւ 2013թթ. արդեն ցուցանիշը համապատասխանաբար 51 եւ 90 է կազմել: Իսկ դա առեւտրի եւ քաղաքացիների եկամուտների կրճատում է նշանակում:

«Ո՞րն է լավ` այդ մեքենաների նկատմամբ 32 տոկոսի չափով հավաքագրելի հարկեր սահմանե՞լը, թե՞ 58 տոկոս սահմանելն ու տեսնելը, որ այն ոչ ոք չի վճարում», - հարց է բարձրացրել խորհրդարանականը: Դրա փոխարեն ավելի լավ է` այդ մեքենաների նկատմամբ արդեն երկրի տարածքում կիրառվող գույքահարկը բարձրացնել` դրանից համայնքային բյուջեները կշահեն: «Նշված բարեփոխման շրջանակում արդեն տարանջատվել են անշարժ գույքից եւ ավտոմեքենաներից գանձվող հարկերը, իսկ հողի հարկն ու գույքահարկը` միակցվել: Անշարժ գույքի հետ կապված հարցն արդեն լուծել ենք եւ հիմա կարող ենք մեքենաներով զբաղվել», - նշել է պատգամավորը` տեղեկացնելով, որ համապատասխան օրինագիծը կառավարության կողմից մոտ ապագայում խորհրդարանի քննարկմանը կներկայացվի: