Ծագումով հայ աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրը, ով մայիսի 22-ին իր 90-ամյա տարեդարձին համերգով հանդես եկավ Բեռլինում, շնորհակալություն է հայտնել Գերմանիայի նախագահ Հոահիմ Գաուկին Թուրքիայի կատարած այցի ընթացքում նրա դիրքորոշման համար:
Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը, իր երախտագիտության մասին երգիչը հայտնել է գերմանական «Bild am Sonntag» թերթին: «Ես իմ տարեդարձը չեմ նշել, ես համերգով եմ հանդես եկել»,- նշել է նա հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, նվեր ակնկալում է թե ոչ, Ազնավուրն ասել է. «Գաուկն արդեն նվիրել է: Թուրքիա կատարած այցի ընթացքում նրա դիրքորոշումը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, միանգամայն պարզ էր: Դա մեծ նվեր է: Չեմ կարողացել անձամբ շնորհակալություն հայտնել նախագահին, ուստի ցանկանում եմ հիմա անել»:
Հիշեցնենք, որ ծագումով հայ աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրն իր 90-ամյա տարեդարձին համերգով հանդես եկավ Բեռլինի «O2 World» արենայում: Իսկ «Բեռլինի համերգասրահը հինգշաբթի երեկոյան էր ազատ, պարզապես պատահականություն»: Չհաշվելով «Ծնունդդ շնորհավոր» երգի կատարումը հանդիսատեսի կողմից եւ ծաղկեփնջերը, Շառլ Ազնավուրի 90-ամյակն անցավ այնպես, ինչպես որ կամենում էր՝ «սովորական աշխատանքային օր»:





























