ՀՀԿ-ական պատգամավորները կքննարկեն Դալմայի այգիների հողատերերի խնդիրը , մայիսի 23-ին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
Նշենք, այսօր առավոտյան այգիների հողատերերը, ովքեր ամեն առավոտ հավաքվում են նախագահականի դիմաց, եկել էին խորհրդարանի ընդունարան եւ հայտնել լրագրողներին, որ դեռ չեն ստացել իրենց երրորդ նամակի պատասխանը, իսկ Բնապահպանական հանձնաժողովի պատգամավորների հեռախոսները լռում են: «Բնապահպանության եւ տարածքային կառավարման ոլորտի պատասխանատու մեր պատգամավորները կքննարկեն այդ հարցը», – վստահեցրել է Բաղդասարյանը:
Դալմայի այգիների պատմությունը, ենթադրաբար, սկիզբ է առնում ուրարտական ժամանակաշրջանից: 1991 թ. որոշմամբ այգիները հանձնվել էին հողօգտագործողների կառավարմանը, որոնք նախկինում կոլտնտեսության կազմում էին: Հետագա տարիներին այգիներից բազմիցս հողատարածքներ են «պոկել»՝ նոր տներ, առեւտրի կետեր եւ ճանապարհներ կառուցելու համար, սակայն հողատերերին վճարված փոխհատուցումը դժվար է համարժեք անվանել:




























