«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանին հնարավոր է շուտով տեղափոխեն «Նուբարաշեն» հոգեբուժարան: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:

«Դատի ժամանակ Քյարամ Ամոյանի մասն անջատվեց, մինչեւ որ վերջինս կառողջանա: Վեց ամիս ժամանակ են տվել, մինչեւ ապաքինվելը: Ես էլ պատրաստվում եմ դիմել, որպեսզի Քյարամին տեղափոխեն «Նուբարաշեն» հոգեբուժարան, քանի որ վիճակն իսկապես լավ չի»,- ասաց նա:

Այս պահին Քյարամը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, սակայն փաստաբանի հետ հանդիպման գալ չի կարողանում: Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ հենց դատաբժշկական փորձաքննությունն էլ ցույց տվեց, որ անգիտակից է եւ ոչինչ չի ընկալում:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: