Գորիսի քաղաքապետի թեկնածու Վաչագան Ադունցի նախընտրական քարոզարշավին մասնակցում է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ «միայն որպես ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն:

«Սուրիկ Խաչատրյանը մասնակցում է իմ քարոզարշավին, որովհետեւ Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավարն է, բացի դրանից իրենք են ինձ առաջադրել»,- ասաց նա:

Գորիսում նախընտրական քարոզարշավը սկսվել է մայիսի 21-ից: Այս երկու օրերին Ադունցը հասցրել է մայիսի 22-ին, այցելել քաղաքի դպրոցներ եւ հանդիպել ուսուցիչների հետ. «Եղել եմ բոլոր դպրոցներում, հանդիպել եմ ուսուցիչների հետ, կային նաեւ աշակերտներ, մի դպրոցում ծնողներն էլ էին եկել: Նախ Վերջին զանգի կապակցությամբ շնորհավորեցի շրջանավարտներին, բացի դրանից ներկայացրի իմ ծրագիրը»:

Իսկ թեկնածուի ծրագրում կարեւորվում է «համերաշխության մթնոլորտի ապահովումը, քաղաքապետարանի աշխատակազմի հստակեցումը եւ աշխատանքային ռեժիմի կանոնակարգումը»:

«Համերաշխության մթնոլորտի ամրապնդում, ոչ կոնֆլիկտային մարդ եմ իմ տեսակով եւ համագործակցելու եմ բոլոր գորիսեցիների հետ, կոչ եմ անելու այդ թվում նաեւ մյուս թեկնածուներին, որ համագործակցենք, պասիվ չլինեն: Կարեւորելու եմ նաեւ մասնագիտական խորհուրդների ձեւավորումը, մշակույթի եւ սպորտի, տուրիզմի զարգացումը, հյուրանոցային բիզնեսը: Բացի դրանից համագործակցելու ենք իրավապահ մարմինների հետ, որպեսզի քաղաքի մթնոլորտն ավելի բարելավվի»,- ավելացրեց քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն:

Նշենք, որ նախընտրական քարոզարշավը Գորիսում ավարտվելու է հունիսի 6-ին: Այդ օրը Վաչագան Ադունցի թիմը մեծ միջոցառում է կազմակերպում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ թեկնածուները չորսն են. Արա Բուդաղյանը, որը Գորիսի «Վարարակն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մահացած Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է, Տիգրան Կարապետյանը, որը Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրենն է, Հրայր Յոլյանը, որը գործարար է, եւ վերջապես Վաչագան Ադունցը, որը «Հայջրմուղկոյուղի» ընկերության Գորիսի տեղամասի պետն է: Մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ են ներկայացրել: