ԵԽԽՎ-ն վաղուց պետք է պատժամիջոցներ կիրառեր Ադրբեջանի նկատմամբ, ընդ որում շատ ավելի խիստ, քան Բաքվում 2 տարվա ընթացքում հանդիպումներ չկազմակերպելու որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ որոշումը՝ Բաքվում 2 տարվա ընթացքում հանդիպումներ չկազմակերպելու վերաբերյալ, կապված այն փաստի հետ, որ Ադրբեջանի իշխանությունները չեղյալ են հայտարարել ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեի վիզան:

Զոհրաբյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ն վերջին ժամանակներս մեծ բավականությամբ օգտվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ծառայություններից, այդ երկրներում կազմակերպվում են կառույցի կոմիտեների հանդիպումներ, եւ դա հասկանալի է, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց վրա են վերցնում բոլոր ծախսերը:

«Իսկ հիմա միջադեպի հետ կապված, երբ ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան, նրանք երկու տարով զրկում են իրենց Բաքու այցելելու բավականությունից»,-նկատել է պատգամավորը՝ հավելելով, որ եվրոպացիները ճիշտ կանեին ավելի մեծ ուշադրություն դարձնեին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների աղաղակող ու ամոթալի փաստերին:

«Տասնյակ լրագրողներ բանտերն են նետված իրենց քաղաքական հայացքների համար, էլ չասած հասարակական գործիչների մասին»,-հիշեցրել է Զոհրաբյանը:
Նրա գնահատմամբ՝ ԵԽԽՎ հունիսին կայանալիք նստաշրջանը խոստանում է բուռն լինել: «Սպասվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթները, որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող երկրի ներկայացուցիչներ: Քննարկվելու են լուրջ հարցեր՝ կապված Ադրբեջանի հետ»,-նշել է Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ներկայացուցիչները, հաստատ կներկայանան հակահարձակման ողջ զինանոցով: