Եվրասիական ինտեգրման մասնակիցներն ակնկալում են, որ Հայաստանն ինտեգրացիոն միավորմանն ընդգրկվելու համար անհրաժեշտ ընթացակագերի իրականացումն ամենասեղմ ժամկետներում ավարտին կհասցնի: Այս մասին Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի հերթական նիստին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է հայտարարել:

«Այսօր Ռուսաստանն իր հարեւանների հետ լայնածավալ եվրասիական ինտեգրացիոն նախագիծ է իրականացնում: Մաքսային Միության եւ Համընդհանուր տնտեսական տարածքի անդամ-երկրների համար տարվա կենտրոնական իրադարձությունը, միանշանակ, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումն է լինելու, որը պետք է մայիսի 29-ին` Աստանայում կայանա: Ակնկալում ենք նաեւ, որ ամենասեղմ ժամկետներում Հայաստանի` մեր ինտեգրացիոն միավորմանն ընդգրկվելու համար անհրաժեշտ ընթացակագերի իրականացումը եւս, բոլոր գործընկերի համաձայնությամբ, ավարտված կհամարվի», - հայտարարել է Պուտինը:

Ինչպես «Գործարար Ռուսաստան» համառուսական հասարակական կազմակերպության նախագահ, Զարգացման միջպետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իվան Պլոյակովն է նշել, Ռուսաստանի եւ Հայաստանի գործարար հանրությունը վաղուց է համընդհանուր տնտեսական եւ մաքսային միջավայրի սպասում: «Համագործակցության նոր ձեւաչափով միավորման հեռանկարները համաշխարհային շուկաներում մեր ազգային տնտեսությունների հեղինակության աճի խթան են պարունակում», - հայտարարել է Պոլյակովը:

Հիշեցնենք` մայիսի 22-ին մեկնարկած` «Վստահության ամրապանդումը` ձեւափոխումների դարաշրջանում» վերտառությամբ եռօրյա Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովը Սանկտ-Պետերբուրգում է ընթանում: Այն 1997թ.-ից սկսած ամեն տարի պետությունների եւ քաղաքական ուժերի առաջնորդների, խոշոր ռուս եւ արտասահմանցի գործարարների, գիտնականների, լրագրողների եւ քաղաքացիական գործիչների է ի մի բերում` տարբեր քննարկումներ կազմակերպելու համար: 2014թ. համաժողովին 72 երկրներ ներկայացնող ավելի քան 6,5 հազար պատվիրակներ են մասնակցում: