Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրինագիծը շատ ճիշտ է, չնայած առանց ոչ պարտադիր կուտակային համակարգի երկրի տնտեսությունն ու ֆինանսական վիճակը կլինի առավել ռիսկային։ Այս մասին այսօր՝ ՀՀԿ 15-րդ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը։

«Կառավարությունը շատ ճիշտ որոշում է կայացրել, իսկ մենք դա չհասցրինք անել, քանի որ ապրիլի 2-ին եղավ Սահմանադրական դատարանի որոշումը, իսկ մեկ օր կառավարությունը հրաժարական տվեց, ամեն դեպքում՝ առանց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի երկրի տնտեսության եւ ֆինանսական վիճակը առավել ռիսկային կլինի»,-ասաց նա։

Լրագրողների հարցին, թե ինչպես է նախկին նախարարը գնահատում վարչապետ  Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե համակարգը լինելու է «պարտադիր, ոչ թե պարտադրված», Դավիթ Սարգսյանը խուսափողական պատասխան տվեց՝ ասելով, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ոչ մի հայտարարության չի հետեւել։

Հարցին, թե ինչու հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը, եւ ինչով էր պայմանավորված Դավիթ Սարգսյանի փոխարինումը, նա պատասխանեց. «Տիգրան Սարգսյանն արդեն պատասխանել է, ես ավելին ասել չեմ կարող, իսկ ես շուտով անցնելու եմ այլ աշխատանքի, այդ մասին բոլորդ մի քանի շաբաթից կիմանաք»։

Անդրադառնալով օֆշորային կիպրոսյան ընկերությանը Ֆինանսների նախարարությունից փոխանցված խոշոր գումարների մասին Վերահսկիչ պալատի բացահայտումներին՝ Դավիթ Սարգսյանը պատասխանեց կարճ. «Մտացածին բաներ են»։