Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն աշխատանքի «անկանախատեսելի» շատ առաջարկներ է ստացել եւ առաջիկա շաբաթվա ընթացքում պարզ կլինի, թե որտեղ է աշխատելու, իսկ մինչեւ այդ շարունակում է դասավանդել Հայ- ռուսական սլավոնական համալսարանում: Այս մասին ՀՀԿ 15-րդ համագումարի ավարտին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարարը։
«Հիմա գնում եմ դասի, մագիստրատուրայի առաջին կուրսի մոտ: Առաջիկայում պատրաստվում եմ զբաղվել նորից դոկտորական աշխատանքներով, իսկ մի քանի օրից պարզ կլինի, թե որտեղ եմ աշխատելու: Նոր աշխատանք եմ ունենալու, չեմ կարող ասել՝ դա պաշտոն կլինի, թե ինչ: Բայց աշխատանքի շատ առաջարկներ եմ ստացել: Առաջարկ եմ ստացել, օրինակ, բիզնես կառավարման ոլորտում, որն ինձ համար անսպասելի էր, որովհետեւ ես բիզնեսում երբեք չեմ եղել»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանը Արդարադատության նոր նախարարին ներկայացնելիս ասել է, թե Հրայր Թովմասյանն ինքն է խնդրել նախարարի պաշտոնից իրեն ազատել, Հրայր Թովմասյանն նշեց.
«Տիգրան Սարգսյանի մնալու դեպքում ես նման բան չէի անի, իսկ նոր վարչապետի դեպքում ես ասել եմ, որ նա պետք է հնարավորություն ունենա ընտրել իր կադրերը: Հարցն այն չէ, որ ես իմ աշխատանքում թերացել եմ, կամ իմ նախարարությունում խնդիրներ են եղել: Չկա նման բան: Նոր վարչապետը պետք է հնարավորություև ունենա ընտրելու մարդկանց, ում հետ պատրաստվում է աշխատել: Ես Հովիկ Աբրահամյանի հետ էլ եմ խոսել դրա մասին, ի սրտե հաջողություն եմ մաղթում նոր կառավարությանը: Խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն»:





























