Ռուսական «LifeNews» մեդիաընկերության լրագրողներ Օլեգ Սիդյակինն ու Մարատ Սայչենկոն, որոնք ձերբակալվել էին ուկրաինացի ուժայինների կողմից ահաբեկչության մասնակցելու մեղադրանքով, ազատ են արձակվել եւ գիշերն ինքնաթիռով Գրոզնի են ժամանել:
Այդ մասին «Instagram» սոցցանցում հայտնել է Ռամզան Կադիրովը: «LifeNews»-ի կայքում հաղորդվում է, որ չեչենական առաջնորդը որոշիչ դեր է խաղացել լրագրողների ազատման գործում:
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը նշել է, որ ուկրաինացի քաղաքական գործիչների շրջանում գտնվել են «առողջ դատողությամբ» մարդիկ, որոնց հետ կարողացել է համաձայնության գալ լրագրողներին ազատելու հարցում:
Նրա խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում նրա ներկայացուցիչները գտնվել են Կիեւում ու բանակցություններ են վարել: Ազատումը մի քանի անգամ խափանվել է է, սակայն ի վերջո հաջողվել է հասնել համաձայնության:
Հիշեցնենք, որ թղթակիցներ Օլեգ Սիդյակինին եւ հեռուստալրագրող Մարատ Սայչենկոյին ձերբակալել էին մայիսի 18-ին Կրամատորսկում: Ուկրաինական իշխանությունները բացատրել են, որ նրանց ուղեկցել են գրոհայիններ, ինչ էլ «տեղեկատվական ուղեկցությամբ ահաբեկչության հետ համագործակցության վառ օրինակ է»:
«LifeNews»-ում այս մեղադրանքը հերքել են, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «անհեթեթություն ու զառանցանք» է անվանել:Այս պահին լրագրողներն արդեն Մոսկվայում են:

Հասանելի է
русский


























