Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ Արի Պուհելոյնեն համարում է, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները ջրբաժան կլինեն այդ երկրի զարգացման հարցում:
«Ընտրությունների հաջողությունից է կախված, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում հետո, ինչպես կընթանա նոր վարչակազմի ձեւավորումը: Հաջորդ քայլը պետք է լինեն խորհրդարանական ընտրությունները, բայց երկուշաբթի մենք ավելի շատ բան կիմանանք»,-ասել է նա, հաղորդում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Yle-ն:
Պուհելոյնենի խոսքով՝ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում կապված են այդ երկրի ընդհանուր ռազմավարության հետ, որի նպատակը մեծ տերության կարգավիճակը վերականգնելն է: Դրա հետ կապված, գեներալը կարծում է, որ Ռուսաստանը փորձում է կանխել Արեւմուտքի ազդեցությունը իր հարեւան երկրներում:
Նա նաեւ հավելել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, Ֆինլանդիայում բանավեճ է սկսվել ՌԴ արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխության եւ Ֆինլանդիայի անվտանգության վատթարացման շուրջ: Պուհելոյնենի խոսքով՝ Ֆինլանդիայի անվտանգության առումով ոչ մի ուղղակի փոփոխություն տեղի չի ունեցել:





























