Ուկրաինայում նախագահական ընտրությունների առթիվ, Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը այսօր՝ մայիսի 25-ին, առավոտյան ժամը 8.00-ին ընտրատեղամաս է բացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է դեսպանատանը բացված ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սահակ Ղուդռատյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը տեղակայված ընտրատեղամասի ընտրացուցակում ընդգրկված է 349 ընտրող: Ժամը 12.00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է նրանցից 35-ը:
Ընտրատեղամասը բացվել է առավոտյան ժամը 08.00-ին եւ կփակվի 20.00-ին:
Ղուդռատյանը նշեց նաեւ, որ այս պահին Հայաստանում Ուկրինայի դեսպան Իվան Կուխտան գտնվում է Կիեւում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ուկրաինայում այսօր՝ մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ են տեղի ունենում, որոնք նշանակվել են փետրվարի վերջին նախագահի պաշտոնից Վիկտոր Յանուկովիչին հեռացնելուց հետո: Երկրի նախագահի պաշտոնին հավակնում է 21 թեկնածու: Ընտրատեղամասերը բաց կլինեն առավոտյան ժամը 8.00-ից մինչեւ 20.00-ն:
Ուկրաինայի նախագահի ընտրություններին առաջին անգամ չի մասնակցում Ռուսաստանի կազմում ընդգրկված Ղրիմը: Միաժամանակ թերակղզում ապրող քաղաքացիները կարող են քվեարկել երկրի այլ շրջաններում:





























