Հայաստանյան բիզնեսում տարեցտարի մեծանում է գործարար կանանց  ակտիվությունը։ Հատկապես փոքր եւ միջին բիզնեսի որոշ ոլորտներում կանայք առաջատար դերի են հավակնում, ինչը քաղաքակիրթ եւ ժողովրդավար հասարակությանը բնորոշող հատկանիշներից  է։

Հենց այդ տրամաբանությամբ ու մտահոգությամբ էլ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատն ու «Գործարար կանանց աջակցման հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը Ծաղկաձորում մայիսի 24-25–ին երեք տասնյակից ավելի գործարար կանանց համար կազմակերպեցին երկօրյա սեմինար, որին մասնակցում էին նաեւ խնդրին առնչվող պետական կազմակերպությունների պատասխանատուներ։ Մասնակիցները հանգամանորեն տեղեկացվեցին հատկապես հարկային օրենսդրության վերջին փոփոխություններին, Հայաստանի տնտեսությանը սպասվող նոր մարտահրավերներին ու պահանջներին, որոնց հստակ իմացությամբ բիզնեսմենը կարող է ավելի համարձակ ու արդյունավետ գործել, վստահորեն արտաքին շուկա դուրս գալ։

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեց  Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ռազմավարության առանձին դրույթներն ու տնտեսական զարգացման նոր նախադրյալները։

Շնորհանդեսների միջոցով ներկայացվեցին կին գործարարների լավագույն բիզնես ծրագրեր, որոնք արդեն հայտնի են հանրությանը։