Հայաստանի 2013թ. պետբյուջեի եկամուտները ՀՆԱ-ի 25,1 տոկոսն են կազմել: Այս մասին, մայիսի 26-ին 2013թ. պետբյուջեի իրականացման մասին հաշվետվությունը խորհրդարանին ներկայացնելիս, Հայաստանի ֆինասնաների փոխնախարար եւ գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանն է հայտարարել: Նա նշել է, որ հիշյալ հարաբերակցությունը 2012թ. 23,7 տոկոս է կազմել: Նույն ժամանակահատվածում աճել է նաեւ հարկային եկամուտների` ՀՆԱ-ի հանդեպ հարաբերակցությունը (23,5 տոկոս` 22 տոկոսի դիմաց):

2013թ. պետբյուջեով, ՀՆԱ-ի` 6,2 տոկոսի չափով աճի կանխատեսմամբ, նախատեսվում էր ավելի քան 1073,8 մլրդ դրամի չափով պետեկամուտ ապահովել, որից 1015,3 մլրդ դրամը` սեփական եկամուտների, եւ 17,5 մլրդը` պաշտոնական տրանսֆերների տեսքով:

Չնայած 2013թ. տնտեսական աճը կանխատեսվածից 1,8 անգամ ցածր էր (3,5 տոկոս), պետբյուջեի եկամտային պլանը 99,8 տոկոսով իրականացվել է:  Փաստացի հավաքագրումները 1071,4 մլրդ դրամ են կազմել, ինչը 125,2 մլրդ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Իսկ հարկերի եւ տուրքերի մասին պլանը 100 տոկոսով է իրականացվել: Եկամուտների աճը հիմնականում հարկային հավաքագրումների`13,9 տոկոսով կամ 119,1 մլրդ դրամի չափով ավելացմամբ է պայմանավորված: Պետտուրքերի հավաքագրումներն ավելացել են 3,5 մլրդ դրամով:

Պաշտոնական տրանսֆերների մասով ցուցանիշը 66,2 տոկոս կամ`նախատեսվածից 6,8 մլրդ դրամով քիչ իրականացում է ապահովել: Ջանջուղազյանի մեկնաբանմամբ, տարբերությունը միջազգային կազմակերպություններից միջոցների ստացման ժամանակացույցի վերանայման արդյունք է:

Պետական կազմակերպությունների արտաբյուջետային եկամուտները, պլանի 98,5 տոկոս իրականացում ապահովելով, շուրջ 31,2 մլրդ դրամ են կազմել: