Հայաստանի նախագահի հրամանագրով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2013 թվականի մրցանակ է շնորհվել:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մրցանակներ են հանձնվել.

Ամատունի Վիրաբյանին եւ Գոհար Ավագյանին՝ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ (1916-1917թթ.)» հայերեն եռահատոր փաստաթղթերի ժողովածուի եւ նույնանուն անգլերեն հատընտիր ժողովածուի համար եւ Յահիր Աուրոնին (Իսրայել)՝ «Սիոնիզմը եւ Հայոց ցեղասպանությունը» գրքի եւ երկարամյա գիտական գործունեության համար:

Հանրապետության նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ նախագահի 2013 թվականի մրցանակ է շնորհվել.

բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Եվգենի Մասախուլովին, Շուշանիկ Տոնոյանին եւ Վլադիմիր Մորոզովին՝ «Կոնֆորմացիոն անցումների տեսությունը կենսաբանական մակրոմոլեկուլներում» գիտական հոդվածների շարքի համար.

տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Սուրիկ Խուդավերդյանին, Վլադիմիր Առուստամյանին, Ժաննա Դոխոլյանին, Մանե Խաչատրյանին եւ Ստեփան Ծատուրյանին՝ «Օպտիկական ազդանշանի սպեկտրային վերլուծության նոր, բազմանպատակ կիսահաղորդչային սենսոր» գիտական հոդվածների շարքի համար.

ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Ալբերտ Կիրակոսյանին, Արշակ Վարդանյանին, Մանուկ Բարսեղյանին եւ Վռամ Մուղնեցյանին՝ «Կիսահաղորդչային նանոհամակարգերում քվազիմասնիկային վիճակների եւ դինամիկական բնութագրերի կառավարում ֆիզիկական գործոններով» գիտական հոդվածների շարքի համար:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

արվեստի բնագավառում՝ Գոռ Գյուրջյանին՝ «Հաղթահարում» գեղանկարի համար եւ Ժաննա Նազարյանին եւ Ռազմիկ Նազարյանին՝ «Այստեղ մեր կողքին» վավերագրական ֆիլմի համար.

գրականության բնագավառում՝ Մանե Գրիգորյանին՝ «Ցուրտ կին» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.

«Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Լուիզա Երեմյանին, Սերգեյ Սարգսյանին եւ Գրիգոր Աբրահամյանին.

«Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Ժորա Սարգսյանին (դաշնամուր):