Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ընդունում է, որ Հայաստանում առկա է ստվերային շրջանառություն: Լրագրողների հետ զրույցում այսօր` մայիսի 26-ին, ՀՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ այս ամենի մեղավորը իննսունական թվականներն են:
«Երբ որ նոր երկիր է ստեղծվում, դաշտը չի կարող լինել օրինական: Այդ ընթացքում առաջնորդներն են հրամայում, մինչեւ որ օրենսդրական դաշտը ձեւավորվի: Այդ ժամանակահատվածում հովանավորչությունը նույնիսկ դրական արդյունք է տալիս: Եկեք այս դեպքում չհամեմատվենք Եվրոպայի հետ, որովհետեւ եվրոպական երկրները երեք-չորս հարյուր տարվա պատմություն ունեն: Իհարկե, ընդունում եմ, որ ստվեր կա այսօր»,- ասաց նա:
Ստեղծված իրավիճակում Լեռնիկ Ալեքսանյանը «մեղադրում է» իննսունական թվականները, հատկապես որ ծայրահեղ բեւեռներ են ձեւավորվել, որը նույնպես ՀՀԿ-ականի սրտով չէ:
NEWS.am-ի հարցին` արդյոք ծայրահեղ բեւեռների համար հանրապետական կուսակցությունը չէ, որի անդամները հայտնի գործարարներ են` Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Օրենքի մեջ գրված չէ, որ մարդը չի կարող սեփականություն ունենալ, գրված է, որ չի կարող գործարարությամբ զբաղվել: Իսկ ո՞վ է ասել, թե նրանք պետք է աղքատ լինեն: Մարդիկ աշխատել են, հավաքել են»:
Նշենք, որ վարչապետ նշանակվելուց հետո Հովիկ Աբրահամյանը մշտապես ընդգծում է, որ Հայաստանում պետք է զարգանա փոքր եւ միջին բիզնեսը, իսկ բոլոր խոշոր գործարարները պետք է գան հարկային դաշտ, որտեղ հավասար պայմաններ են ստեղծվելու բոլորի համար:




























