Մայիսի 27-ին ՌԴ եւ Թուրքիայի Հանրապետության ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ահմեդ Դավութօղլուն Մոսկվայում կայանալիք հանդիպման ընթացքում Ուկրաինայում եւ Սիրիայում տիրող իրադրությունը, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագիրը կքննարկեն: Այս մասին ՌԻԱ-Նովոստի գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչն է հայտնել:
Հանդիպումը Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի` երկու նախարարների նախագահությամբ կայանալիք չորրորդ նիստի շրջանակում կկազմակերպվի:
«Ռուսաստանը եւ Թուրքիան համարժեք կամ համընկնող մոտեցումներ ունեն բազմաթիվ գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ, եւ մտադիր են այսուհետ էլ դիրքորոշումների կառուցողական փոխանակում նախաձեռնել», - հայտարարել է Լուկաշեւիչը:
Նրա խոսքով, «համաձայնեցված օրակարգի ամենակարեւոր կետերից մեկը սեւծովյան տարածաշրջանում երկկողմանի եւ բազմակողմանի համագործակցությունների հետագա զարգացմանը, այդ թվում նաեւ` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող համալիր հարցեր է ներառում»:
«Մոսկվան եւ Անկարան գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերների դիմակայմանը եւ կայուն զարգացման ապահովմանն ուղղված գործողությունների արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն են տեսնում», - նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:





























