Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ինտելեկտուալ է, սակայն անփորձ էր արտադրության մեջ: Այս մասին այսօր` մայիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«Տիգրան Սարգսյանի ժամանակ ծրագրային խնդիրներ դրվեցին, որոնց արդյունքները հեշտ չէ նկատել, սակայն Տիգրան Սարգսյանն անփորձ էր արտադրության մեջ, նրա արած որոշ արտահայտություններ ընդունելի չէին հասարակության համար, սակայն նա ինտելեկտուալ էր»,- ասաց նա:

NEWS.am-ի հարցին` ինչպես կարելի էր «արտադրության մեջ անփորձին» նշանակել վարչապետ` ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Տիգրան Սարգսյանը շատ բան է արել բարձր տեխնոլոգիաների, գիտության զարգացման համար, այդ իրավիճակում նման մեկն էր հարկավոր: Կան էքստրեմալ վիճակներ, որոնք պետք է հաշվի առնել եւ նշանակել մարդ` ըստ այդ իրավիճակի»:

Նշենք, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել ապրիլի երեքին, նրա փոխարեն վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը: