Ուկրաինայի նախագահական մրցապայքարի առաջատար Պյոտր Պորոշենկոն նախագահ դառնալուց հետո վարչապետին փոխելու մտադրություն չունի:

Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ ընտրությունները վարչապետի փոփոխություն չեն ենթադրում: Կարծում եմ՝ Արսենի Յացենյուկի աշխատանքը այս փուլում հաջողված է», -  իր գրասենյակում կայացած ճեպազրույցում նշել է Պորոշենկոն, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:

«Բավականին վճռական քայլեր են ձեռնարկվել միջազգային օգնություն կազմակերպելու հարցում, ստացվել է ԱՄՀ-ի վարկը, եւ կարծում եմ, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ համագործակցությունը, առաջին հերթին` տնտեսական հարթությունում,  կարող է արդյունավետ լինել: Ես հուսով եմ», - նշել է նա:

«Եվ այդ պատճառով էլ կառավարության ղեկավարության փոփոխության վերաբերյալ ոչ մի ծրագիր չունեմ», - հայտարարել է Պորոշենկոն:

Նա նաեւ ասել է, որ ընտրություններում ինքը մրցակից չուներ, քանի որ Ուկրաինան միասնականության կարիք ունի, մասնավորապես` նաեւ քաղաքական ուժերի: