Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մայիսի 25-ին հոբելյանական սայաթնովյան «Վարդատոնը» մեկնարկել է կիրակնօրյա սուրբ պատարագով: Այս մասին  NEWS.am-ին հայտնել են Վրաստանի հայ առաքելական եկեղեցու թեմի մամուլի ծառայությունից: 

Բազմահազարանոց եւ բազմազգ հասարակությունը Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, որտեղ հանգչում է մեծ սիրերգակն ու բանաստեղծը, սպասում էր սայաթնովյան «Վարդատոնին»:

Հարյուր տարի առաջ Սայաթ-Նովայի «Վարդատոնը» սկիզբ էր դրվել Հովհաննես Թումանյանի, Գեւորգ Բաշինջաղյանի եւ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ:

Տոնահանդեսին մասնակցել են Հայաստանի գրողների միության, Վրաստանի գրողների միության, ՀՀ սփյուռքի նախարարության, Ֆրանսիայի Մարսել քաղաքի պատվիրակությունները:

Ողջույնի խոսքերից հետո տոնահանդեսի համերգային մասը բացել է  ավանդաբար «Վարդատոնին» մասնակցող Հայաստանի Հանրապետության ռադիոյի Սայաթ-Նովայի անվան պետական վաստակավոր համույթը: Կրկին սայաթնովյան երգն ու տաղն էր տարածվում հայերեն եւ վրացերեն՝ «Քսովրելեբի» համույթի, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասանների, անհատ երգիչների ու ասմունքողների, Հայաստանի եւ Վրաստանի տարբեր վայրերից ժամանած կատարողների կողմից: