Երեւանի վճարովի կայանատեղիների օպերատորը սկսել է ավելի քիչ հասույթ վերցնել: Այս մասին մայիսի 26-ին` խորհրդարանում, Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն է հայտարարել` ի պատասխան ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցման:
Օսիկյանը նշել է, որ եթե նախկինում կայանատեղիների օպերատորը հասույթի 70 տոկոսն էր վերցնում` քաղաքային իշխանություններին ընդամենը 30 տոկոս թողնելով, ապա ներկայումս հիշյալ հարաբերակցությունը 50-50 տոկոս է դարձել: «Ընդ որում, այսուհետ այն ավելի արագ է նվազելու», - հավելել է Օսիկյանը:
Հիշեցնենք` Երեւանի վճարովի կայանատեղիները 2013թ. օգոստոսի 1-ից են գործում: Կայանման համար վճարը 1 ժամվա համար 100 դրամ է կազմում, ամսական` 2 հազար դրամ: Կայանատեղիները բնակչության դժգոհությունն են առաջացրել առ այն, որ քաղաքի կենտրոնում անվճար կայանատեղիներ գործնականում չեն մնացել:





























