Սիրիայից մեկուկես տարի առաջ ընտանիքի հետ Հայաստան ժամանած ասեղնագործող Մադլեն Պերթիզլյանին մշակութային կենտրոններում պայմաններ չեն տրամադրում՝ ասեղնագործության դասընթացներ անցկացնելու համար:
NEWS.am-ի հետ զրույցում տիկին Մադլենը բողոքեց, որ այստեղ տարբեր կազմակերպություններ ու կենտրոններ է դիմել, խոստացել են, որ կօգնեն, սակայն չեն օգնել: Կնոջ կարծիքով՝ պատճառն այն է, որ Հայաստանում մարդիկ ասեղնագործությամբ քիչ են հետաքրքրված:
«Հոս ուզեցի հայկական ասեղնագործությունը տարածել, բայց ժողովրդի մոտ այդ փափագը չկա: Իրենք տարբեր բաներով զբաղված են: Մեր մոտ ուրիշ էր ամեն ինչ: Մենք հայապահպանման մեծ մտահոգություն ունեինք, դրա համար մեր սովորույթները, մեր ավանդույթներն ուզում էինք պահել: Մեր մեծերից ժառանգածը, որից մեկը ասեղնագործությունն էր, կուզեինք սերնդեսերունդ փոխանցել: Դրա համար ամեն հայ կին մեր մոտ նվազագույնը մեկ ասեղնագործություն կիմանար»,-ասաց Մադլեն Պերթիզլյանը:
Տիկին Մադլենն իր տատիկից է ասեղնագործել սովորել 10 տարեկանում: Մինչև Հայաստան գալը Հալեպում հայկական ասեղնագործություն է դասավանդել: Բացի այդ բիժուտերիայի դիզայնով է զբաղվել:
Սիրիահայ կնոջ զբաղմունքն այստեղ ասեղնագործ աշխատանքներն ու իր հետ բերած բիժուտերիան վաճառելն է, որն անում է տարբեր ցուցահանդես-վաճառքների մասնակցելով:
«Բոլոր ցուցահանդեսներին մասնակցում եմ: Տարբեր տեսակի ասեղնագործություններ ունեմ՝ Ուրֆայի գործ, Սվազի գործ, Այնթապի գործ: Բիժուտերիաներ նույնպես ունեմ. ինչ ինձ հետ բերել եմ, վաճառում եմ: Բայց մարդիկ հետաքրքրություն ունեն ոչ թե ասեղնագործությունների, այլ բիժուտերիայի հանդեպ»,-ասաց տիկին Մադլենը` նշելով, որ իր ասեղնագործ աշխատանքների գնորդները մեծամասամբ արտերկրից որպես զբոսաշրջիկ Հայաստան եկած սփյուռքհայերն են:
Վաճառքից ստացած եկամուտով էլ ապրում է Մադլեն Պերթիզլյանի ընտանիքը: Աշխատանք չունենալու պատճառով դժվարությամբ են վճարում տան վարձակալության գումարը:
«Աշխատանքի պրոբլեմն ամենամեծն է այստեղ: Մեր հայրենիքն է, մեր երազն է եղել՝ մի օր գալ, էստեղ ապրել, բայց չէի ուզի էս պայմաններով գալ: Հիմա կուզեինք մնալ, բայց կյանքն էստեղ շատ թանկ է»,-ասաց Մադլեն Պերթիզլյանը:





























