Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում Մայիսի 26-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 20-ամյա Աշոտ Գրիգորյանի առողջական վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը բավարար է»,- ասաց նա:
Աշոտ Գրիգորյանն այս պահին գտնվում է Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալում:
Նշենք, որ այս մարտական հենակետում զոհվել է փոխգնդապետ Գարիկ Բալայանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:




























