Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Էյներ Խաչատրյանը եւ իր կողմից ծեծի ենթարկված Գոռ Հարությունյանը քիչ առաջ ներկայացել են Ոստիկանության Գորիսի բաժին: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանությունից: Նրանք բացատրություններ են տվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, հետաքննությունը շարունակվում է: Մյուս տուժող Արթուր Հարությունյանը դեռեւս չի հայտնաբերվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին նաեւ հայտնեցին, որ Գոռ Հարությունյանի վրա քերծվածքներ չկան: Այդ պատճառով է նշանակվել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
Իսկ կատարվածի մասին Սյունիքի նախկին մարզպետը հրաժարվում է խոսել: Նրա փոխարեն հեռախոսազանգերին պատասխանող երիտասարդը NEWS.am-ին ասաց, որ Սուրիկ Խաչատրյանը «շատ զբաղված է եւ խոսել չի կարող, նախընտրական քարոզարշավի հարցերով ժողովի է»:
Նշենք, որ Էյներ Խաչատրյանը 27 տարեկան է, իսկ Գոռ Հարությունյանը՝ 33: Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, մայիսի 25-ի գիշերը Գորիսում դաժան ծեծի է ենթարկել քաղաքում «Կուլակ» մականունով հայտնի Գուրգեն Հարությունյանի տղաներին՝ Գոռ եւ Արթուր Հարությունյաններին, այնուհետեւ նրանց տարել այնհայտ ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնել էին ոստիկանության աղբյուրները: Ականատեսները NEWS.am-ին պատմել էին, որ Գոռ եւ Արթուր Հարությունյանները ծանր վնասվածքներ են ունեցել, նրանց ընտանիքի անդամներին Էյներ Խաչատրյանը թույլ չէր տվել շտապօգնություն կանչել, տղաներին նստեցրել է իր մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ: Թե որն է եղել վեճի պատճառը՝ մեզ դեռ չի հաջողվել պարզել:





























