Մենք շատ չանհանգստացանք մեր օդանավի հետ տեղի ունեցածից: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Հայաստանի ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում նախօրեին տեղի ունեցած միջադեպը:
«Անհանգստությունը քիչ էր: Փոքր տեխնիկական խնդիր ծագեց, կես ժամ գտնվել ենք օդում: Օդանավը վերադարձավ օդանավակայան, որից հետո ամեն ինչ հարթվեց, եւ մենք վերադարձանք Հայաստան»,-հայտարարել է Օհանյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մոսկվայում մայիսի 25-ին հարկադիր վայէջք էր կատարել Երեւան մեկնող ինքնաթիռը, որի ուղեւորների թվում եղել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ինտերֆաքսին» հայտնել էր, թե Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցում էր անվտանգության հարցերով միջազգային խորհրդաժողովի եւ վերադառնում էր Երեւան:
«Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել թռիչքից որոշ ժամանակ անց, տեխնիկական խնդիրների պատճառով: Մեր տվյալներով, լուրջ որեւէ բան չկա»,- նշել էր Հովհաննիսյանը:
ՌԴ ՆԳՆ տրանսպորտի անվտանգության վարչության տվյալներով, «Շերեմետեւո» օդանավակայանից թռչող, «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել էր բեռնախցիկում ծխի առկայության ահազանգի հետեւանքով: Ինքնաթիռում գտնվող 161 ուղեւորներից ոչ ոք չի տուժել:




























