Հայաստանի գրողների միությունում այսօր՝ մայիսի 26-ին, տեղի է ունեցել «Ընթերցման» օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգեւների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել եւ հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ողջունելով «Ընթերցման» օլիմպիադայի մասնակիցներին եւ կարեւորելով նախաձեռնությունը՝ Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ապագան ընթերցող երեխայինն է: Նախարարը նշել է, որ օլիմպիադան հիրավի վերածվել է շարժման, որը միավորում է հասարակական եւ պետական մարմիններին` հանուն մեկ ընդհանուր նպատակի: «Առանց անձի զարգացման` չկա պետության զարգացում, իսկ անձի զարգացումն առանց ընթերցանության, առանց գիտելիքների պաշարը հարստացնելու,  գոյություն չունի: Ուստի,  ընթերցասիրությամբ զարգանում ենք անձամբ եւ նպաստում մեր պետության եւ հասարակության զարգացմանը: Առանց գիտելիք, վստահեցնում եմ ձեզ, չեք լինի բարեկեցիկ, հարգված եւ հաջողակ: Գիտելիքը Հայաստանում այլընտրանք չի ունենալու` որպես բարեկեցության, սոցիալական ճանաչման  եւ առաջխաղացման բացառիկ գործիք: Գիրքն այն զուգընկերն է, որի հետ յուրաքանչյուր հանդիպում կյանքում դառնում է ամենագողտրիկ, թանկ եւ ամենագաղտնի հանդիպումներից մեկը: Միշտ զրուցեք ձեր գրքերի հետ, որովհետեւ այդ զրույցը թեպետ կայանում է ձեր երկուսի միջեւ, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ այն կյանքում շատ պիտանի է լինելու»,-նշել է Ա. Աշոտյանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւս ընդգծել է, որ օլիմպիադան դարձել է ազգային համերաշխության հարթակ` պետական եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության: «Սա իրապես հրաշալի է. բոլորը միավորվել են ընթերցանության շուրջ` հանուն երեխաների ապագայի: Խորհրդանշական է, որ օլիմպիադան մեկնարկեց Գրատպության 500-ամյակի տարում եւ ամրագրվեց որպես լավագույն ավանդույթ: Եվ շատ գովելի է, որ երեխաներն իրենց կարողություններով վաստակում են լավագույն մրցանակները` իրենց ընտանիքների եւ դպրոցների համար: Գիտելիքը հաղթող է մեր իրականության մեջ. դա է ապացուցում այս օլիմպիադան»,-նշել է Հ. Պողոսյանը` շնորհակալություն հայտնելով «Անտարես» հրատարակչությանը` օլիմպիադայի կազմակերպման եւ անցկացման համար:

Օլիմպիադան անցկացվել է 6-րդ դասարանցիների շրջանում: Եզրափակիչ փուլում մրցել են 33 աշակերտներ, որոնցից էլ հանձնաժողովի  կողմից ընտրվել են հաղթողները: «Ընթերցման» օլիմպիադայի ընթացքում ժյուրին գնահատել է աշակերտների` սահուն ընթերցելու, ճիշտ հնչողությամբ եւ շեշտադրմամբ կարդալու կարողությունը: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգեւատրվել են հավաստագրերով, ինչպես նաեւ հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով: Մրցույթը կազմակերպել են ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները եւ «Անտարես» հրատարակչությունը: Նախաձեռնությանը աջակցել են եւս հինգ նախարարություն, ինչպես նաեւ մի շարք մասնավոր կազմակերպություններ: