Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 26-ին, դատավոր Լեւոն Ավետիսյանը մերժեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանի՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Փաստաբան Զաքարյանը կրկին միջնորդություն ներկայացրեց, որ փոխեն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը եւ նրան ազատ արձակեն։

«Միջնորդությունը մերժելու դեպքում դուք պարտավոր եք բերելու ծանրակշիռ փաստարկներ այն մասին, թե ինչ նոր փաստական տվյալներ են ի հայտ եկել այս մի քանի օրվա ընթացքում, որոնց հիման վրա դատարանը գտնում է, որ պետք է Վոլոդյային կալանքի տակ պահել։ Հարգելի դատարան, խնդրում եմ, գոնե այս անգամ ձեր մեջ ուժ գտեք եւ կայացրեք արդարացի եւ պատճառաբանված որոշում եւ Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակեք կալանքից, կամ խափանման միջոցը գրավով փոխեք, իսկ եթե, այնուահանդերձ, այն մերժեք, ծանրակշիռ փաստարկներ բերեք, թե ինչու Վճռաբեկ դատարանի եւ Եվրոպական դատարանի նախադեպերը կիրառելի չեն այս գործի համար»,-ասաց փաստաբանը։

Չնայած դեռ մեկ ժամ կար աշխատանքային օրվա ավարտին, դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը եւ միջնորդության քննությունը թողնել հաջորդ նիստին՝ թերեւս զգուշանալով դահլիճում ներկա ազատամարտիկների արձագանքից, որոնք նիստից առաջ սպառնում էին, որ եթե միջնորդությունը չբավարարվի, իրենք փակելու են ճանապարհն ու առանց Վոլոդյա Ավետիսյանի չեն հեռանալու։

Դատարանի որոշումն առաջացրեց ազատամարտիկների վրդովմունքը, նրանք սկսեցին վանկարկել «այսօր»։

«Վերադարձրեք ազգին իր հերոսին։ Ալիեւը իր ազգի տականքին հերոս է դարձնում, մենք մեր  հերոսին սարքում ենք տականք, ճիշտ չի։ Խնդրում եմ, բաց թողեք մեր հերոսին», դատավորին դիմեց ներկաներից մեկը։

Դատական նիստից հետո ազատամարտիկները հավաքվեցին բակի այն մասում, որտեղից կալանավայր էին տեղափոխելու ազատամարտիկին։ Նշենք, որ այսօր դատարանի մոտ մեծ թվով ոստիկաններ եւ ոստիկանական մեքենաներ կային։

«Մենք սկզբից ասացինք, որ բաց չենք թողնելու Վոլոդյային այստեղից, սա հետնահանջ չի, քաղաքականության մեջ կա հասկացություն՝ քայլ հետ, երկու քայլ առաջ, եթե պետք է, այսօր այդ հետ քայլը անենք, ապա կանենք»,-ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը՝ նշելով, որ իրենք այսօր կբացեն ճանապարհը Վոլոդյա Ավետիսյանին կալանավայր տեղափոխող մեքենայի համար եւ կսպասեն մյուս դատական նիստին դատավորի որոշմանը։

Ազատամարտիկները Վոլոդյա Ավետիսյանին ճանապարհեցին «Ազատություն» վակարկումներով եւ ծափահարություններով։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 6-ին։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստապետի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։