Երեւանի բնակիչներ, ամուսիններ Յուսիֆ Դ.-ն եւ Ռոզա Դ.-ն մեղադրվում են խարդախության մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Յուսիֆ Դ.-ն, 2003թ. հանդիսանալով նկարիչների միության անդամ եւ զբաղվելով գեղանկարչությամբ, 2010թ. նախնական համաձայնության է եկել իր կնոջ՝ Ռոզա Դ.-ի հետ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, այն է՝ գեղանկարչության բնագավառում իր մասագիտական գտելիքների օգտագործմամբ դեռեւս 2005-2006թթ. ընթացքում ձեռք բերված անհայտ նկարիչների՝ առանց հեղինակային տվյալների եւ ստորագրությունների նկարների դիմերեսներին եւ դարձերեսներին կեղծելով նշել հայտնի նկարիչների ստորագրություններ եւ հեղինակային տվյալներ, դրանք բարձր արժեքով վաճառել՝ որպես ճանաչված նկարիչների աշխատանքներ։

Յուսիֆ Դ.-ին եւ Ռոզա Դ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Յուսիֆը կալանավորված է, իսկ Ռոզայի համար խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: