Թեեւ 2014թ-ը ամենասակավաջուր տարին է համեմատած 2008 եւ 2012 թվականների հետ, սակայն 2014-ին Սեւանից վերցվող ջրառի չափն ավելի փոքր է, քան 2008-ին եւ 2012-ին, գրում է «ԷկոԼուրը»:
Հիշեցնենք, որ 2008թ-ին Սեւանա լճից բաց թողնվեց 360 միլիոն խմ ջուր, 2012 թվաականին՝ 320 միլիոն խմ ջուր, իսկ 2014 թ-ին բաց է թողնվելու մինչեւ 240 միլիոն խմ։ Նշենք, որ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով Սեւանա լճից ջրառի առավելագույն չափաքանակը 170 միլիոն խմ է։ Սակայն այս չափաբաժնից ավելի ջուր բաց թողնելու դեպքում օրենքում կատարվում են կառավարության կողմից փոփոխություններ, որոնք հաստատում է ԱԺ-ն։ Որպես լրացուցիչ ջրառի հիմնավորում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում 2008- 2012թթ․ նշվեց հիմնականում Ապարանի եւ Ազատի ջրամբարների սակավ լցվածությունը, ինչը չէր բավականեցնի Արարատյան դաշտի ոռոգման համար։ 2014-ին Սեւանից լրացուցիչ ջրառի հիմնավորումն այն էր, որ Արարատյան դաշտի ստորգետյա ջրերը պակասել են եւ նվազել է Սեւջոր գետի ջրատվությունը, եւ ջրի սակավությունը դեֆիցիտ է ստեղծել ոռոգման համակարգերում։ Բացի սա, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացրեց, որ գետերի ելքերը նորմայից ցածր են, իսկ ջրամբարների ջուրը՝ քիչ։
Այսպես, 2008-ին Ապարանի ջրամբարի լցվածությունը կազմել է 27.93 մլն խմ, 2012թ-ին՝ 31.81 մլն խմ, իսկ 2014թ-ին՝ 23․7 միլիոն խմ։ Ազատի ջրամբարի լցվածությունը 2008-ին կազմել է 45.96 մլն խմ, 2012թ-ին՝ 60.57 մլն խմ, 2014թ-ին՝ 45․2 միլիոն խմ։
Պարզվում է, որ 2014թ-ի նման սակավաջուր տարում հնարավոր է Սեւանից 240 միլիոն խմ ջուր վերցնել եւ ապահովել ոռոգում։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու 2008-ին եւ 2012-ին այդքան շատ ջուր վերցրեցին Սեւանից։ Պատասխանը թերեւս ակնհայտ է՝ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը իշխանություններին ձեռնտու չէ։





























