Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին ամբողջությամբ չեն տալիս գործուղման ծախսերը: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է խորհրդարանի աշխատակազմը տնտեսում պատգամավորների գործուղումների գումարներից: «Ստացվում է, որ պատգամավորը որեւէ տեղ մեկնում է, ասենք 5 օրով, բայց ստանում է միայն 3 օրվա ծախսերի գումարը: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը»,-հայտարարել է Ուրիխանյանը:

Իր հերթին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը նկատել է, որ գրծուղման ծախսերը ձեւակերպվում են միայն պատգամավորների՝ միջոցառումների ու հանդիպումների  պաշտոնական մասնակցության օրերի համար: «Բայց երբեմն լինում է, որ անհրաժեշտ է լինում տոմսը պատվիրել 1-2 օր առաջ: Չեմ կարծում, որ արդարացված է գործուղման ծախսեր վճարել նաեւ այդ լրացուցիչ օրերի համար»,-ասել է Մինասյանը՝ հավելելով, որ 2013-ին պատգամավորների գործուղման ծախսերի համար հատկացվել է 350 մլն դրամ (մոտ 845 հազար դոլար), որն ամբողջությամբ ծախսվել է: