«Ռուսական մեքենաներ» հոլդինգի ԳԱԶ մեքենաշինական ընկերությունների խումբը մտադիր է Թուրքիայում «Գազել Next» թեթեւ կոմերցիոն նշանակության ավտոմեքենաների արտադրություն սկսել: Այս մասին տեղեկությունը «Ռուսական մեքենաների» ղեկավար Մանֆրեդ Այբեկն է հաղորդել:

«Mersa Otomotiv կորպորացիայի հետ համատեղ եվրո-5 ստանդարտի «Գազել Next» ավտոմեքենաների արտադրություն ենք սկսում Թուրքիայում: Բազմաթիվ գործոններից կախված պլաններ ունենք` ներմուծումների ծավալ, պատվերների պորտֆել եւ այլն», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, հայտարարել է հոլդինգի ղեկավարը:

Վաճառքների մեկնարկը ընթացիկ տարվա վերջին ամիսներին է նախատեսվում:

2013թ. ԳԱԶ ավտոմեքենաների` Ռուսաստանից արտահանման ծավալը 16,4 հազար միավոր է կազմել (2012թ. համեմատությամբ աճը` 15 տոկոս), ինչը ընդհանուր վաճառքների ծավալի շուրջ 17 տոկոսն է կազմում: Արտահանման աճը հիմնականում ԱՊՀ, ինչպես նաեւ Հարավ-Արեւելյան Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների հաշվին է գրանցվել: