Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել է Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը:
Ղազախստանին С-300 համակարգերի հատկացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները դեռեւս 2010թ.-ին են մեկնարկել: Հիշյալ գործողությունները դեռեւս այն ժամանակ ՀՕՊ միացյալ տարածաշրջանային գոտու ստեղծման հեռանկարի շրջանակում իրականացվող համագործակցության նախնական փուլ էին դիտարկվում: Ռուսաստանը ԱՊՀ երկրների հետ հակաօդային պաշտպանության միացյալ գոտիների ստեղծմամբ դեռեւս 2007թ.-ից է զբաղվում: 2009թ.-ին նախագծի շրջանակն ընդլայնվել է` Բելառուսի հաշվին: Ակնկալվում է, որ ՀՕՊ միացյալ համակարգին նաեւ Հայաստանը, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը կմիանան, հաղորդում է Lenta.ru-ն:
Հեռանկարում նախատեսվում է հակաօդային պաշտպանության Արեւելաեվրոպական, Կովկասյան եւ Միջինասիական գոտիներ ստեղծել: Համաձայնագրերի շրջանակում մասնակից երկրները, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանից նոր հակաօդային հրթիռային համալիրներ կստանան:
Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվում, որ Մոսկվան մտադիր է Աստանային անհատույց կարգով 5 С-300ПС հակաօդային հրթիռային համալիր տրամադրել:
Ինչպես Ղազախստանի պաշտպանության նախարարությունից են նշել, երկու երկրների միացյալ ՀՕՊ համակարգն անհրաժեշտ է գերտերությունների, ինչպիսիք են ԱՄՆ-ն եւ Չինաստանը, հնարավոր սպառնալիքներից պաշտպանվելու համար:





























