Աշնակ գյուղում Գեւորգ Չավուշի թանգարանի աշտարակին արծվի քանդակ է տեղադրվել: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդիների հետ միասին մասնակցել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ավանդաբար մայիսի 27-ին նշվող ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գեւորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված արարողությանը: Տասնամյակների պատմություն ունեցող այս ավանդույթը մեկ հարկի ներքո էր հավաքել տարբեր սերունդների հարյուրավոր մարդկանց, ովքեր եկել էին Աշնակ՝ ոչ միայն իրենց հարգանքի տուրքը մատուցելու քաջ ֆիդայապետի հիշատակին, այլեւ մասնակցելու բոլոր այն ֆիդայիների ոգեկոչման արարողությանը, ովքեր Չավուշի նման իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի ու սեփական ժողովրդի փրկության:
Քաղաքապետն աշնակցիների եւ Աշնակ այցելած հարյուրավոր հայորդիների հետ միասին շարժվել է դեպի Գեւորգ Չավուշի թանգարան: Այս տարի ֆիդայական ավանդատոնին նվիրված միջոցառումների շրջանակում, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, Գեւորգ Չավուշի թանգարանի՝ «ֆիդայատան» աշտարակին տեղադրվել է Հայոց արծվի քանդակը: Ճարտարապետ Լեւոն Մկրտչյանի նախագծով եւ քանդակագործ Գեւորգ Գեւորգյանի կողմից իրականացված արծվի քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ներկաները նշում էին, որ տարիներ անց կյանքի կոչելով թանգարանի շենքի հեղինակ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի՝ հայացքը դեպի Էրգիր ուղղած, թռիչքի պատրաստ արծիվի քանդակը թանգարանի աշտարակին տեղադրելու մտահղացումը, ըստ էության, ավարտուն տեսք է հաղորդվել ազգային ազատագրական պայքարի հերոս Գեւորգ Չավուշի թանգարանին:
«Հատկապես մշեցիների եւ սասունցիների կողմից մայիսի 27-ին մեծ ֆիդայապետ Գեւորգ Չավուշի մահվան օրը որպես ոգեկոչման տոն նշելը երկար տարիներ ավանդույթ է եղել: Սա պատմության այն եզակի դեպքերից է, երբ հերոսի մահվան օրը վերածվում է իսկական տոնի եւ համազգային տոնախմբության: Ու հատկապես վերջին 2-3 տարիներին առավել վերաիմաստավորված է նշվում այս տոնը, ինչի վառ ապացույցն է նաեւ հազարավոր մարդկանց այցելությունը Աշնակ: Այս օրը առիթ է մեկ անգամ եւս հիշելու եւ գնահատելու իսկապես հերոս ֆիդայապետին ու նրա հերոսական մահվան օրինակով հայրենասիրության իսկական դասեր առնելու, առավել եւս, որ ճակատագրի բերումով Գեւորգ Չավուշի մահվան օրը մեր պատմության մեկ այլ հերոսական էջի՝ Սարդարապատի ճակատամարտի նախօրեին է: Ինձ համար հատկապես շատ ուրախալի է, որ տոնախմբությանը տարեցտարի ավելի ու ավելի շատ երիտասարդներ, նաեւ դպրոցականներ են մասնակցում, ինչի արդյունքում, համոզված եմ, Չավուշի ու մեր մյուս հերոսների հայրենասիրական ոգին փոխանցվում է նաեւ նրանց, ինչը նրանք հաստատապես կփոխանցեն նաեւ մեր հետագա սերունդներին: Այս տարի նաեւ իրականացրեցինք Գեւորգ Չավուշի թանգարանի հիմնադիրների երազանքը, որը թանգարանը կառուցելիս կիսատ էր մնացել: Մեր մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ով նաեւ այս թանգարանի ճարտարապետն է եղել, ի սկզբանե նպատակ է ունեցել շենքի աշտարակին տեղադրել նաեւ հայացքը Էրգրին հառած ու թռիչքի պատրաստ արծվի քանդակ: Եվ ահա այսօր, ի ուրախություն բոլորիս, մենք իրականացրինք այդ մտահաղացումը եւ արծիվն, ինչպես տեսնում եք, իր տեղում է: Ու տա՛ Աստված, որ շուտ գա այն օրը, երբ մեր անկոտրում կամքի խորհրդանիշ արծիվը իրոք կթռչի դեպի Էրգիր՝ հետ նվաճելով մեր պապենական հողն ու ջուրը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մինչեւ ուշ երեկո համերգային ծրագրով ուղեկցվող տոնախմբության շրջանակում աշնակցիներին ու Աշնակ այցելած հայորդիներին ազգային, հայրենասիրական երգ ու պարով ողջունել են մայրաքաղաքից ժամանած հայտնի երգիչներն ու համույթները:






























