Դոնեցկում վերջին բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 100 մարդ, մայիսի 27-ի ճեպազրույցում հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության կառավարության ղեկավար Ալեքսանդր Բորոդայը:
«Մենք 50-ից ավելի աշխարհազորային ենք կորցրել: Հատկապես շատ մարդ է տուժել վիրավորներին տեղափոխող երկու բեռնատարների գնդակոծումից», — հայտնել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ աղբյուրի՝ գրեթե նույնչափ զոհեր են կրել ռմբակոծության ենթարկված բնակավայրերի բնակիչները:
Համանման տվյալներ (շուրջ 100 զոհ) է հաղորդում ԴԺՀ Գերագույն խորհրդի նախագահության ղեկավար Դենիս Պուշիլինը:
Ուժայիններն իրենց հերթին հայտարարել են, որ աշխարհազորայինների կորուստները (որոնց ահաբեկիչ են անվանում) 200-ից պակաս չեն: Ուժայինների շարքերում կորուստներ չկան:
Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն մայիսի 27-ի առավոտյան հայտնել էր, որ տեղեկություն ունի ուժային գործողության ընթացքում 40 զոհերի մասին: Զոհերից երկուսը խաղաղ բնակիչներ են եղել, 38-ը՝ մարտական գործողությունների մասնակիցներ:





























