2013-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է 2 նախագահների (Ռուսաստանի եւ Բելառուսի) եւ 14 ԱԳ նախարարների: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում 2013-ի պետական բյուջեի կատարման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Հայաստանի նախագահն ընդունել է նաեւ Բրիտանիայի արքայազն Չարլզին, որը Հայաստան էր ժամանել մասնավոր այցով»,-հավելել է Սարգսյանը:
Բացի այդ, Սերժ Սարգսյանն ընդունել է 30 դեսպանների: Ինքը՝ ՀՀ նախագահը 2013-ին 16 պետական եւ պաշտոնական այցեր է կատարել:
Նախագահի աշխատակազմը նախորդ տարվա ընթացքում կազմել է 230 տեղեկանք եւ եզրակացություն ու նախագահին ներկայացրել 228 օրենք եւ 130 միջազգային պայմանագիր՝ ստորագրման: Բացի այդ նախագահի աշխատակազմը նախապատրաստել է 375 հրամանագրեր, 241 հրամաններ եւ 604 ուղերձներ: Նախագահի աշխատակազմը ստացել է մոտ 12,1 հազար բողոք ու նամակ, ընդունել 6700 քաղաքացիների:





























