Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տանը նախորդ տարի հունիսի 2-ին հնչած կրակոցների եւ տեղի ունեցած սպանության գործն ուղարկվել է դատարան, այն քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Իմ տեղեկություններով գործն ուղարկվել է դատարան, իսկ տուժող կողմ է ճանաչվել Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը: Մենք ամեն ինչ անելու ենք, որ Արտակ Բուդաղյանին արդարացնենք»,- ասաց նա:

Նշենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Արտակ Բուդաղյանին Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝  սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, որը ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել էին «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: