Հունիսի 20-21-ն անցկացվող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի այցելուներն այս տարի հնարավորություն կունենան ծանոթանալ հայկական, ռուսական եւ վրացական տեխնոլոգիական ոլորտի շուրջ 50 ընկերությունների լուծումներին: ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline):

Ֆորումին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 20 կազմակերպություն: Մասնակից տեղական ընկերություններից են «ԱրմենՏել» ընկերությունը, «Մայքրոսոֆթ Հայաստան», «Սեվեն Սմարթս», «ԱրմԹաբ Թեքնոլոջիս», «Սոֆթլայն Ինթերնեյշնլ», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշն», «Յունիքոմփ»  եւ այլ կազմակերպություններ:

«ԱրմենՏել» ընկերությունը ֆորումին  կներկայացնի «BlackBerry Enterprise Service» Enterprise 10  (BES) ծառայությունը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով հասանելի դարձնել գործարար տեղեկատվությանը, աշխատել հաճախորդի  կորպորատիվ էլեկտրոնային փոստի համակարգի եւ ներքին կորպորատիվ հավելվածների հետ, միեւնույն ժամանակ BES 10 ապահովում է տվյալների փոխանցման լիարժեք գաղտնիություն։ Ֆորումին կներկայացվեն նաեւ կոմերցիոն զանգերի կենտրոնը, My Beeline Armenia բջջային հավելվածը եւ մի շարք այլ նորարարական լուծումեր։

«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը Բիզնես Ֆորումին կներկայացնի կորպորացիայի նոր ռազմավարությունը եւ հանդես կգա իր նորագույն լուծումներով։ Կներկայացվեն Office 365 ամպային ծառայության առավելությունները խոշոր, միջին եւ փոքր ձեռնարկությունների համար, Windows 8 սարքավորումներ ու պլանշետները, ինչպես նաեւ Windows Phone նոր հեռախոսները։

«Թրեյնիքս» էլեկտրոնային ուսուցման համակարգով հանդես կգա «Սեվեն Սմարթս» ընկերությունը: Այն նախատեսված է մարդկային ռեսուրսների արագ եւ արդյունավետ ուսուցման, վերապատրաստման ու ատեստավորման համար: Թրեյնիքսն արդեն իսկ առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան շուկայում՝ համագործակցելով ավելի քան 1000 ամերիկյան եւ եվրոպական ընկերությունների հետ:

Միջոցառումն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը եւ ռուսական «ARinteg» ընկերությունը: