Անցել են այն ժամանակները, երբ բուհերն իրենց բյուջեների աճի հիմնական հեռանկարը կարող էին պայմանավորել ուսման վարձավճարների բարձրացմամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԿԳՆ-ում, ռեկտորների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ներկայումս արդեն բարձրագույն ուսումնական հաստատությունները զարգացման նոր մոդելներով պետք է առաջնորդվեն՝ փոխելով կառավարման մշակույթը: «Ներկա պայմաններում բուհերի զարգացման նոր ուղղություններ պետք է լինեն միջազգային ծրագրերը, մասնավոր ոլորտի ներդրումները եւ գիտելիքի առեւտրայնացումը, որոնք կարող են նոր մուտքեր եւ զարգացում ապահովել: Ուսանողի գրպանի հաշվին բուհերի զարգացումն ապահովելն այսօր արդեն հեռանկարային չէ եւ մենք սա պետք է հասկանանք: Մենք չենք կարող թույլ տալ, որ ուսանողների վաձավճարներն անվերջ բարձրացվեն, ուսանողների թվի աճն էլ ժողովրդագրական իրավիճակով պայմանավորված մտահոգիչ է: Միջազգայնացման կարեւոր բաղադրիչներից մեկն էլ օտարերկրյա ուսանողների ներգրավումն է Հայաստանի կրթական համակարգում, որի ուղղությամբ թեպետ որոշ քայլեր կատարվել են, սակայն բավարար համարել չի կարելի»,- ասել է նախարար Ա. Աշոտյանը:
Օրակարգի մյուս կարեւոր հարցը, որին անդրադարձել է նախարարը՝ բուհերի ֆինանսական կարգապահությանն ու կայունությանն է վերաբերել: Նախարարն հանձնարարել է բուհերի ֆինանսական գործունեությունը եւ գնումների գործընթացը կազմակերպել ՀՀ օրենսդրությանը եւ գնումների ընթացակարգերին համապատասխան:
Ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են նաեւ ուսանողների գնահատման համակարգում կատարված փոփոխություններին եւ Հայաստանի Բոլոնիայի քարտուղարության ստանձնման առնչվող հարցեր:
Նիստի ավարտին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խորհրդին է ներկայացրել Երեւանի պետական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:





























