«Վերնիսաժում» մայիսի 17-ին հինգ քաղաքացիների վիրավորելու համար կալանավորված Գոռ Առաքելյանին թույլ չեն տալիս տեսակցել հարազատներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Նախաքննական մարմինը որոշել է տեսակցություններն արգելել, հարազատների հետ չի կարող հանդիպել: Միայն ես եմ կարողանում նրան հանդիպել»,- ասաց նա:
Երեմ Սարգսյանը մայիսի 27-ին այցելել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալին:
«Տեղի ունեցած դեպքը, պատահական անցորդների վիրավորվելը, կալանավայր տեղափոխվելը ազդել են Գոռ Առաքելյանի վրա, ճնշված եւ թույլ վիճակում է, այս ամբողջ գործընթացն իր վրա ազդել է»,- ավելացրեց Երեմ Սարգսյանը:
Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ Գոռ Առաքելյանն ու իր փաստաբանը չեն պատրաստվում վերաքննիչ բողոք ներկայացնել: Նրանք պայքարելու են առաջադրված հոդվածը փոխելու համար:
«Քննության ժամանակ ձեռք բերված ապացույցները բացառում են սպանության փորձ կատարելը: Իրենք էլ շատ լավ գիտեն, որ ճիշտ հոդված չի դրված: Մենք պայքարելու ենք, որ առաջադրված հոդվածը փոխվի»,- ընդգծեց փաստաբանը:
Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ այլ մանրամասներ փաստաբանը հրաժարվեց ներկայացնել:
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ այս գործով զբաղվող քննիչը փոխվել է: «Վերնիսաժում» վիրավորված երկու երիտասարդները՝ Ներսես Մելքոնյանն ու Վալերի Հովհաննիսյանը հրաժարվում են ցուցմունք տալ: Այս պահին հայտնի է միայն, որ ցուցմունք տվել է Գոռ Առաքելյանի կինը՝ Լուսինե Կարապետյանը, որը դեպքի պահին ամուսնու հետ էր:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար:
Գոռ Առաքելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։





























