«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Սկզբունքորեն դեմ եմ որեւէ հուշարձանի կանգնեցմանը։ Ես կարծում եմ, որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքում, այլ ոչ՝ մարմարի, գրանիտի կամ բրոնզի մեջ», - երեկ «ՀԺ»-ն այսպիսի մեկնաբանություն է ստացել Անաստաս Միկոյանի թոռանից՝ Մոսկվայում բնակվող անվանի երաժիշտ եւ կոմպոզիտոր, նկարիչ եւ ռեժիսոր Ստաս Նամինից, ով մեր թղթակցի խնդրանքով մեկնաբանել է իր պապի արձանը Երեւանում կանգնեցնելու՝ ավագանու որոշումը։

Երկու շաբաթ «ՀԺ»-ի թղթակիցը «Ստաս Նամինի կենտրոն» կրթամշակութային կազմակերպության աշխատակցի միջոցով նամակագրական կապի մեջ է եղել Անաստաս Միկոյանի անվանի թոռան հետ։ Մայիսի 14-ին մեր թղթակիցը Ստաս Նամինին գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով մեկնաբանել Երեւանի ավագանու ապրիլի 30-ի որոշումը՝ միաժամանակ տեղեկացնելով թե որոշման բովանդակության, թե դրա շուրջ ծավալված հանրային արձագանքի մասին։ Ստաս Նամինը, ով պապի անունն է կրում (իսկական անունը՝ Անաստաս Ալեքսեի Միկոյան), ստեղծված իրավիճակի շուրջ օբյեկտիվ գնահատական տալու նպատակով ցանկություն է հայտնել նախ ծանոթանալ ռեպրեսիաներին եւ գնդակահարություններին Անաստաս Միկոյանի մասնակցությունը հաստատող փաստաթղթերին եւ հրապարակումներին։ Նա լրագրողից խնդրել է իրեն ուղարկել թե պատմական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, թե այդ պատմությունների եւ Հայաստանում տեղի ունեցած հանրային արձագանքի մասին լրագրողական հրապարակումների հղումները։ Մայիսի 16-ին «ՀԺ»-ի թղթակիցը անվանի արվեստագետին է ուղարկել իր ձեռքի տակ եղած նյութերից մոտ մեկ տասնյակը։ Եվ ահա, տասը օր դրանք ուսումնասիրելուց հետո Ստաս Նամինը պատասխանել է, որ սկզբունքորեն դեմ է որեւէ հուշարձանի տեղադրմանը, եւ որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքի մեջ, այլ ոչ՝ գրանիտի եւ բրոնզի։

Ստաս Նամինի այս արձագանքը ավելի մեծ նշանակություն է ստանում հատկապես Երեւանի քաղաքապետարանի այն պնդումներից հետո, որոնց համաձայն՝ ԽՍՀՄ պետական գործչի արձանը կանգնեցնելու հասարակական պատվերի հեղինակը նրա ընտանիքն է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում