Ռուսաստանի տարածքից վարչական վտարման, արտաքսման կամ ռեադմիսիայի ենթակա արտասահմանցիները օրվա խիստ կանոնակարգված ռեժիմով են ապրելու: «Ռոսիյսկայա Գազետա» թերթի հաղորդմամբ, ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը ներգաղթյալների համար նախատեսված հատուկ կենտրոններին վերագրվող կյանքի կանոնակարգված ալգորիթմ է սահմանել:
Տունդարձի սպասող ներգաղթյալներին, ըստ էության, հանրակացարաններում են տեղակայելու: Այնտեղ նրանց կերակրելու են, ստեղծելու են հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, տրամադրելու են բժշկական օգնություն եւ հարազատների ու մերձավորների հետ շփվելու հնարավորություն, աշխատանքի չեն պարտադրելու: Սակայն վտարվողները հատկացված տարածքը լքելու իրավունք չեն ունենա:
Իսկ օրվա ռեժիմը գրեթե բանակային է լինելու: Վերկացը առավոտյան ժամը 7-ից 8-ը կլինի: Այնուհետեւ` առավոտյան հարդարանք, բնակության վայրի մաքրում: Առավոտյան ստուգայցը եւս պարտադիր է լինելու, որից հետո նախաճաշ եւ հարազատներին ու ընկերներին տեսակցելու հնարավորություն կտրամադրվի, ապա եւ` հյուրերի ընդունելություն ու զբոսանք: Ճաշից հետո վտարման ենթակա ներգաղթյալները հեռախոսային զանգեր կատարելու թույլտվություն կստանան: Սոցիալական հաստատության տնօրենը արտասահմանյան հյուրերի ընդունելության, միջնորդությունների եւ բողոքների հանձնման համար հատուկ ժամեր կսահմանի: Ընթրիքից առաջ հաստատության բնակիչները հանգստանալու հնարավորություն կստանան: Երեկոյան անվանականչից հետո` անկողնային սպիտակեղենի փոխում, երեկոյան հարդարանք եւ առնվազն 8-ժամյա քուն:





























