ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ուկրաինայում կայացած նախագահի ընտրություններին Հայաստանի պաշտոնական արձագանքը հասկանալու համար առաջարկում է դիտարկել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը։
«Արձագանքը տեսեք մեր նախագահի շնորհավորական ուղերձի մեջ, որն ուղարկվել է Ուկրաինայի նորընտիր նախագահին»,- այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին հարցին ի պատասխան ասաց արտգործնախարարը։
«Այսինքն՞, ճանաչում ենք»,- լրագրողների ճշտող հարցին Նալբանդյանը պատասխանեց.
«Եթե Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել, ինչպե՞ս կարող ենք չճանաչել»:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ուկրաինայում տեղի ունեցան նախագահի, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Նախագահի ընտրության առաջին փուլում հաղթեց միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն՝ նախնական տվյալով հավաքելով ձայների շուրջ 54 տոկոսը:




























