Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունը եկել է հակառակորդի կողմից, հայկական կողմը համարժեք պատասխան է տվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Սովորաբար այսպիսի ժամանակահատվածում հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, այսօր Ադրբեջանում էլ է տոն, եւ սրա հետ է կապված այս դիվերսիան։ Ես խոսել եմ ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ, ինքն էլ է ասել, որ հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը։ Ցավոք, մենք էլ ենք ունեցել մեկ զոհ եւ վիրավորներ։ Վիրավորների վիճակը բավարար է»,- ասաց պաշտպանության նախարարը։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ վերջին շրջանում որոշակի լարվածությու կա շփման գծում։
«Դա գալիս է նրանից, որ Ադրբեջանը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ չի հասկանում, որ արցախյան հարցի լուծման համար անհրաժեշտ է հրադադարի պայմանների պահպանում»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, որին դիմակայելու ժամանակ զոհվել էր ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:
Մայիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորվել էր զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը: Նույն մարտական հենակետում նույն օրը զոհվել էր փոխգնդապետ, գումարտակի հրամանատար Գարիկ Բալայանը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























