«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանին նույնպես տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին ասաց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:

«Մյասնիկ Հայրապետյանին էլ են տեղափոխել հիվանդասենյակ, երկրորդ վիրահատություն անելու կարիք էլ չեղավ: Բոլոր հինգ հիվանդների վիճակն էլ նորմալ է, բայց դեռ ոչ մեկին դուրս չենք գրել»,- ասաց նա:

Նշենք, որ վերակենդանացման բաժանմունքում մնացել էր միայն Մյասնիկը, որին ըստ հարազատների՝ պետք է երկրորդ վիրահատությունը կատարեին:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար:

Գոռ Առաքելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am